Ինչպես զարգացած,  զարգացող,  այնպես  էլ շուկայական տնտեսության անցնող  երկրներում կարևորվում  են  հանրային ծառայությունների  պետական  կարգավորման հիմնախնդիրները, որոնց լուծումների  վերաբերյալ  առկա  են կառավարման տարբեր  մոտեցումներ  և  սկզբունքներ:  Ներկայումս  «պետություն - հանրային ծառայություններ մատուցող»  փոխհարաբերությունները կարելի է համարել աշխարհի  երկրների  մեծ մասի, եթե  ոչ  բոլորի  համար,  ոչ  միայն տնտեսական այլև  սոցիալական  և  քաղաքական  մեծ  հնչեղություն  ունեցող  կարգավորման  ոլորտ,  որտեղ  առնչվում  են  երկրի  յուրաքանչյուր քաղաքացու,  պետական  տարբեր  կառավարչական կառույցների  և  ձեռնարկատերերի  շահերը:   Հարաբերությունների  այս  հարթությունում  պետական   կարգավորման  նպատակն  է,  գտնել  նշված  շահերի  լավագույն  համակցությունը:
Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների միջազգային փորձը, պետության կողմից տնտեսության կարգավորման անուղղակի  միջամտության  սկզբունքներն  ու  մեթոդներն  արդյունավետ   կարող  են  գործել  թե`  անցումային,  և  թե`  զարգացած  շուկայական  տնտեսություն  ունեցող  երկրներում: Հետևաբար,  խոշոր   տնտեսական  կազմակերպությունների  տնտեսական  նոր   հարաբերությունների   պայմաններում  նրանց   գործունեության   վերահսկման  մեխանիզմների   կայացումը   և  կառավարման  արդյունավետության  բարձրացումը  ներկայումս  և  առաջիկայում   հանդես  են  գալիս  որպես  պետական  տնտեսական  քաղաքականության  գերակա  ուղղություններ:
Հայաստանի Հանրապետության տնտեսությունում, մասնավորապես հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման անհրաժեշտությունն ի հայտ եկավ անցյալ դարի 90-ականներին, երբ Հայաստանի անկախացումից հետո հանրապետությունը հայտնվեց ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս խնդիրների առկայության պարագայում, պետության կողմից հանրային ծառայությունների ոլորտում անհրաժեշտ էր իրականացնել բարեփոխումների համալիր ծրագիր, որը թույլ կտար շտկել ստեղծված իրավիճակը և հիմք կստեղծեր այդ ոլորտի հետագա զարգացման համար:

Անհրաժեշտ էր հստակեցնել պետության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության ուղղությունները, տարանջատել կառավարման և կարգավորման գործառույթները, սահմանել պետական կարգավորման հիմնական սկզբունքները և դրանց իրականացման միջոցները, հստակեցնել իրավական դաշտը տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտենրի համար, սահմանանել հստակ և հիմնավորված սակագնային քաղաքականության սկզբունքները և այդ սակագների հաշվարկման և ձևավորման մեթոդիկաները:

Ելնելով վերը նշված բազմաթիվ խնդիրների հրատապ և հիմնովին լուծման անհրաժեշտությունից, 1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով  ստեղծվեց  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը: