Լրահոս

Սիրելի' հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։   Նոր տարին հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը, վերահաստատելու մեր արժեքներն ու նոր հավատով նայելու ապագային։ Հանրային ծառայությունները պետության և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության կարևոր հիմքերից են և հենց այդ վստահության պահպանման ու ամրապնդմանն է ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը։ Վստահ եմ, որ 2026 թվականին ևս համատեղ ջանքերի, կառուցողական համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շարունակաբար պաշտպանել հանրային շահը և ամրապնդել հանրային վստահությունը։  Թող գալիք տարին յուրաքանչյուրիդ համար լինի խաղաղության, կայունության և առաջընթացի տարի։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սեր, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն։  Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

  Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։    Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։    

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։   Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև դրանց կարգավորման և ծառայությունների որակի բարելավմանն ուղղված հարցերը։   Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ջրամատակարարման ընդհատումներին, ջրի ճնշման տատանումներին, կոյուղաջրերի արտահոսքերին և ջրի որակի վերահսկման գործընթացներին։ Հանձնաժողովի կողմից կարևորվել է նշված խնդիրների պատճառների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, պատասխանատու ստորաբաժանումների և ժամկետների վերաբերյալ հիմնավորված տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը։   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին առաջարկվել է ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի քարտեզագրման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, ջրի կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև վթարային իրավիճակներին արձագանքման և հանրային իրազեկման գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկություններ։   Հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևել ոլորտում իրականացվող աշխատանքներին և ծառայությունների մատուցման որակի ապահովմանը։    

Սույն թվականի դեկտեմբերի 24-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2026 թվականի անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի և պայմանագրային և տնօրինելի հզորությունների վերաբերյալ հարցերը։   Մասնավորապես՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի պահանջները՝ թվով 33 կարգավորվող ընկերությունների համար սահմանվել են  կարգավորման պարտադիր վճարների 2026 թվականի դրույքաչափերը։   Հաշվի առնելով ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների պահանջները՝ հաստատվել են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ», «ԱՐՄՓԱՈՒԵՐ», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերությունների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» կայանի  2026 թվականի պայմանագրային և տնօրինելի հզորությունները։