Լրահոս

  ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀԾԿՀ 2027 թվականի բյուջեի նախագիծը։   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովի 2027թ. բյուջեն, որն ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը, կազմում է շուրջ 1 մլրդ 216 մլն դրամ: Կապիտալ ծախսերը կազմում են 6 մլն 996 հազար դրամ։   Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է 2027 թվականի բյուջեով նախատեսված միջոցների նպատակային օգտագործումը՝ Հանձնաժողովի բնականոն գործունեության, կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման և վերանայման, լիցենզավորման, իրավական ակտերի մշակման, սպառողների դիմումների քննարկման և ոլորտային կարգավորման այլ գործառույթների իրականացման նպատակով։ Առավել մանրամասն հղումով՝  Մեսրոպ Մեսրոպյանի ելույթը․      

Երևանում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում, անցկացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային փորձագիտական աշխատաժողով։ Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի շարունակական բարեփոխումների գործնական իրականացմանը՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր բացման խոսքում կարևորել է Եվրոպական միության աջակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը՝ ընդգծելով էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, էներգիայի կուտակման համակարգերի կարգավորման և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների համատեքստում։ «Մեզ համար հատկապես կարևոր է ապահովել, որ միջազգային լավագույն փորձը ոչ միայն ուսումնասիրվի, այլև համապատասխանեցվի Հայաստանի առանձնահատկություններին ու կարիքներին՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների գործնական և հետևողական իրականացումը։ Միաժամանակ, էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու դրանց արդյունավետ կարգավորումը կարևոր նշանակություն ունեն վերականգնվող էներգիայի ինտեգրման և էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի, հայաստանյան գրասենյակի մշտական փորձագետ Արմին Բյումը։ Նա կարևորել է ԵՄ-ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Հանձնաժողովի առանցքային դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների գործընթացում։ Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող փորձագիտական և տեխնիկական համագործակցությունը նպաստում է եվրոպական փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու էներգետիկ ոլորտի բարեփոխումների առաջմղմանը։ Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հունգարիայից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի պետական կառույցների և ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում հունգարացի և միջազգային մասնագետները ներկայացնում են Հունգարիայի և Եվրամիության փորձը էլեկտրաէներգետիկայի շուկայի կարգավորման ու կառավարման տարբեր ուղղություններով՝ անդրադառնալով կիրառվող կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի պայմաններում դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, շուկայական գործառնությունների և հավասարակշռման մեխանիզմների, էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի կարգավորման, էներգետիկայի ոլորտի ինստիտուցիոնալ կազմակերպման և կարողությունների զարգացման, կարգավորիչ պահանջների կատարման ապահովման, էներգետիկայի և մրցակցության պաշտպանության մարմինների միջև համագործակցության, սպառողների պաշտպանության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ծագման երաշխիքների համակարգի վերաբերյալ հարցեր։ Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի շրջանակում։    

Սույն թվականի  հոկտեմբերի 30-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։   Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ։            

  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը և էներգետիկ կարգավորման աշխատաժողովին։   Միջոցառումների ընթացքում քննարկվում են էլեկտրաէներգետիկ համակարգերի զարգացմանը, ինչպես նաև արհեստական բանականության տվյալների կենտրոնների թվի աճով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացմանը վերաբերող հարցեր։   Օրակարգում են նաև էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման գործում միջուկային էներգիայի դերին և էներգետիկ կարգավորման ոլորտի արդի մարտահրավերներին առնչվող թեմաները։   Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային համագործակցության զարգացման և կարգավորման լավագույն փորձի փոխանակման հարցերը քննարկելու նպատակով։