600.0397.02.1215

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2015 թվականի №397Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N341Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2015
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N13Ն
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

                                                      

    Հաշվի առնելով՝

    ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N341Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N178Ն որոշման 2-րդ կետը,

բ) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հոկտեմբերի 19-ի N311/15-U11 գրությունը, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N341Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակում (այսուհետ՝ Լիցենզիա) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.

1) Լիցենզիան լրացնել հավելվածով` համաձայն N1 հավելվածի,

2) Լիցենզիայի 5.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.5 Լիցենզավորված անձը պարտավոր է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի N202Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանների N1 հավելվածով սահմանված ցուցակով և մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը` Լիցենզիայի հավելվածով նախատեսված բնակավայրերում անլար տեխնոլոգիայի կիրառմամբ արդիականացնել կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ»:

  1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը՝
  • Լիցենզիայի 5.5 կետում նշված անլար տեխնոլոգիայով ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցել միայն Լիցենզիայի 5.5 կետով նախատեսված բնակավայրերում,
  • սույն որոշման N2 հավելվածով նախատեսված բնակավայրերում գործող հեռախոսակայանների ու լարային ենթակառուցվածքների պահպանմամբ շարունակել ապահովել հիմնական հեռախոսային և լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը,
  • Լիցենզիայի 5.5 կետով նախատեսված բնակավայրերում պահպանել գործող հեռախոսակայաններն ու լարային ենթակառուցվածքները մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ այդ հեռախոսակայանների ու լարային ենթակառուցվածքների շահագործումից հանելու հարցի համաձայնեցումը,
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Լիցենզիայի 5.5 կետով սահմանված պարտավորության կատարումը ապահովող միջոցառումների ծրագիր,
  • սույն կետի 4-րդ ենթակետում նշված միջոցառումների ծրագրի ներկայացումից հետո, կիսամյակային պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից N60 լիցենզիայով սահմանված պարտավորության կատարման մասին» N13Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

      

 

         ք. Երևան
  2 դեկտեմբերի 2015թ.