Հիշեցում էներգետիկայի բնագավառի ընկերություններին
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվում է պատասխանատվություն՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 28.1-ին հոդվածին համապատասխան:
Իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձինք, ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» №36-Ն հրամանով նախատեսված կարգով, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետք է ներկայացնեն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր, իսկ դրանք գրանցվելուց հետո, գործակալությունից ստանալով օրենքով նախատեսված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը, այն ներկայացնեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։