Երևանում անցկացվում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնոշաբաթ
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ Երևանում այս օրերին անցկացնում է Հեռահաղորդակցության ոլորտի տեխնոշաբաթ։
Տեխնոշաբաթի շրջանակում կազմակերպվում են միջոցառումներ և համաժողովներ, որոնց նպատակն է քննարկել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները, մարտահրավերները, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը։
«Ապագայի կապի տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովին բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը՝ ներկայացնելով ՀՀ հեռահաղորդակցության բնագավառի նախաձեռնություններն ու պետական կարգավորման մոտեցումները։
Այս կապակցությամբ Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցչի կողմից ընդգծվել է հեռահաղորդակցության բնագավառի կարգավորման Հայաստանյան օրինակելի փորձն ու դրա ազդեցությունը ոլորտի զարգացմանը, ինչով պայմանավորված էլ Հայաստանի Հանրապետությունը ՀՄՄ-ի կողմից, որպես հեռահաղորդակցության ոլորտի համագործակցային և թիրախային կարգավորում իրականացնող, ԱՊՀ տարածաշրջանում ստացել է ամենաբարձր գնահատականը։
Միջոցառմանը մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի Հայաստանի Հանրապետության և միջազգային փորձագետներ՝ ներկայացնելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ոլորտային քաղաքականության և կարգավորման ձևավորմանն աջակցող գործիքներ, միջազգային փորձի օրինակներ։

