ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի հոունվարի 29-ի նիստում ընդունված №22-Ն և №23-Ն որոշումներով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային և բաշխման ցանցային կանոններում։ Մասնավորապես, հիշյալ փոփոխությունների համաձայն՝

6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց որևէ 6 (10) կՎ լարման առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ տվյալ հաշվառման կետի մասով պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել մատակարար մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը, իսկ 6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6 (10) կՎ լարման բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը։

Բացի այդ, այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝

12 հազար կՎտժ սպառումը գերազանցող առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում, պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել մատակարար մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։

Ընդ որում, որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների, բացառությամբ 2025 թվականի փետրվարի 1-ից շուկա մուտք գործելու պարտավորություն ունեցող սպառողների, առևտրային հաշվառքի սարքերի՝ հաղորդման ցանցային կանոնների պահանջներին համապատասխանեցումը նախատեսված 10 աշխատանքային օրվա փոխարեն կգործի 70 աշխատանքային օր, ինչի արդյունքում կանոններով սահմանված ժամկետներում առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը կլինի իրագործելի։

Միաժամանակ, կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողները պետք է վճարեն հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնով։