Հանձնաժողովի նախագահն ընդունել է ԵՄ-ն հանուն էներգետիկայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԵՄ-ն հանուն էներգետիկայի (EU4Energy) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Էսթեր Սուելեի հետ։
Քննարկվել են ԵՄ-ն հանուն էներգետիկայի շրջանակներում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են աջակցելու՝ ԵՄ լավագույն փորձի մոտարկմանը, CEPA-ի ներդրմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը։
Ուշադրություն է դարձվել էներգետիկայի ոլորտի ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նշվել են այն խնդիրները, որոնք պահանջում են աջակցություն։ Մասնավորապես, քննարկվել են հանձնաժողովի կարիքները և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունավետ իրականացման համար։
Խոսվել է նաև տարածաշրջանային ծրագրերի մասին, մասնավորապես ըստ Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատարի, Եվրահանձնաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու Սևծովյան ստորջրյա մալուխի (BSSC) նախագիծը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցությունը խթանելու նախագիծը: Ավելին, Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության ռազմավարությունն արդեն իսկ մշակման փուլում է։ Իսկ հիմնական առաջնահերթությունները կլինեն կարգավորումը, կիբերանվտանգությունն ու կրթությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ծրագրերը՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։