Հայկական պատվիրակությունը մասնակցել է ERRA տարեկան համաժողովին
Սույն թվականի ապրիլի 27-28-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Բրատիսլավայում մասնակցել է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) 23-րդ տարեկան համաժողովին և ERRA-ի հիմնադրման 25-ամյակին, որը կազմակերպվել էր Սլովակիայի ցանցային արդյունաբերության կարգավորող գրասենյակի (ÚRSO) հետ համատեղ:
Համաժողովի գլխավոր թեման «Էներգետիկ քաղաքականության վերափոխումը և ադապտիվ էներգետիկ կարգավորումն» էր։ Օրակարգում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերափոխումները և մարտահրավերները։ Ի թիվս օրակարգային այլ միջոցառումների տեղի են ունեցել նաև ERRA նախագահության նոր անդամների ընտրությունները։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձր մակարդակով առանձին քննարկումներ է ունեցել Հունգարիայի և Իսրայելի էներգետիկայի և հանրային ծառայությունների կարգավորող մարմինների, ինչպես նաև Սլովակիայի ցանցային արդյունաբերության կարգավորող գրասենյակի (ÚRSO) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը և ձեռք բերվել պայմանավորվածություններ՝ շարունակելու համատեղ աշխատանքները։

