«ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի եզրափակիչ համաժողովը
Սույն թվականի ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ-ն հանուն էներգետիկայի (EU4Energy) ծրագրի «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում» եզրափակիչ համաժողովը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում ընդգծել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մեկտեղելու կարևոր ձեռքբերումները և ձևակերպելու առաջիկա քայլերը, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության և ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանի մաքուր, անվտանգ և կայուն էներգետիկ ապագային։
Համաժողովին ներկա էին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի համակարգող Նադիա Հորսթմանը և Տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Էսթեր Սուելեն։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը իր ելույթում ընդգծել է, որ Եվրոպական Միությունը վճռական է աջակցելու էներգետիկ անվտանգության ապահովմանը, մաքուր էներգետիկ անցման խթանմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
Միջոցառումը համախմբել էր Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական շահառուներին՝ վերագնահատելու EU4Energy ծրագրի ձեռքբերումներն ու ստացված փորձը, ինչպես նաև քննարկելու առաջիկա զարգացման հնարավորություններն ու ուղղությունները։
Հավելենք, որ ծրագիրը նպատակ ունի աջակցել էներգետիկ ոլորտում կայուն օրենսդրական և կարգավորող համակարգերի զարգացմանը, մաքուր էներգիայի անցմանն ու տարածաշրջանի էներգետիկ շուկաների ազատականացմանը։

