Գարեգին Բաղրամյանը և Սերգեյ Աղինյանը մասնակցել են փոքր հզորության ատոմային կայանների ներկայացման միջոցառմանը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մասնակցել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակում կայացած փոքր հզորության ատոմային կայանների ներկայացման միջոցառմանը։
«Ռոսատոմ» կորպորացիան ներկայացրել է փոքր հզորության ատոմային կայանների տեխնոլոգիական նորարարական լուծումների ամբողջական շրջանակ, որը հնարավորություն կստեղծի ապահովել ցածր ածխածնային արտանետումներ։ Փոքր հզորության ատոմային կայանների միջուկային արդյունաբերությունը ամենահեռանկարային ոլորտներից մեկն է։ Հիմնական խաղացողներն աշխատում են ստեղծել սեփական լուծումները՝ հիմնվելով փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա: Այդ լուծումները ուղղված են մաքուր էներգիայի և ջերմության անխափան մատակարարմանը:
Համաժողովին մասնակցել են հազարավոր պատվիրակություններ տարբեր երկրներից, այդ թվում գիտնականներ, էներգետիկ փորձագետներ, խոշոր բիզնեսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։