Գարեգին Բաղրամյանը մասնակցել է «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շնորհանդեսին
Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանը այցելեցին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ը, որտեղ ծանոթացան էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի կառավարման ծրագրին։ Այնուհետև մասնակցեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շնորհանդեսին:
Ծրագրի շնորհանդեսին, ողջույնի խոսքով հանդես եկավ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ այս տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաներն ամբողջովին կարգավորվող մոդելից անցում կատարեցին նոր՝ առավել ազատական մոդելի։ Համակարգում ներդրվեցին մրցակցային շուկայի բաղադրիչներ, որոնք միտված են՝ ապահովելու մրցակցային պայմաններով նոր մասնակիցների մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա, լավարկելու երկարաժամկետ պլանավորումը և ներդնելու համակարգում առաջացած շեղումների համար պատասխանատվության արդարացի մեխանիզմ, հնարավորություն ընձեռելու սպառողներին ընտրել էլեկտրական էներգիայի այլ մատակարար, խթանելու այլ երկրների հետ էլեկտրական էներգիայի առևտուրը և այլն:
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը ցուցաբերած աջակցության համար և շնորհավորեց ներկաներին՝ ոլորտում մեկնարկած արմատական բարեփոխումների կապակցությամբ՝ մաղթելով էլեկտրաէներգետիկական նորաստեղծ շուկային հուսալի և անխափան աշխատանք։





