Գարեգին Բաղրամյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) պատվիրակությանը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) C4G տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դին Ուայթին, C4G տարածաշրջանային ծրագրի փորձագետ Գերգանա Ստոիտչևային, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան ծրագրերի կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանին, ԱՄՆ ՄԶԳ տարածաշրջանային ծրագրի տնօրեն Կլաուդիա Իանոցոյին (Կատալիստո ընկերության տնօրեն) և ԱՄՆ էներգետիկայի ասոցիացիայի ներկայացուցիչ Ուիլ Փոլենին։ԱՄՆ ՄԶԳ C4G տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դին Ուայթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել էլեկտրաէներգետիկական ոլորտի ծրագրերը և նոր ծրագրերում հանձնաժողովի հնարավոր մասնակցությունը:Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ողջունելով հյուրերին վերստին ընդգծել է հանձնաժողովի ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, այդ թվում՝ վերջինիս ֆինանսավորմամբ գործող կառույցների հետ համագործակցության կարևորությունը։ Նախագահը ներկայացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխման ներկայիս վիճակը, շուկայի անխափան և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ գործիքակազմը, մասնավորապես կարևորելով հանձնաժողովում էլեկտրաէներգետիկական շուկայի մոնիթորինգի առանձնացված ստորաբաժանման ստեղծումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև կարգավորող մարմնի անկախության բարձրացմանն ուղղված օրենսդրական նոր փաթեթին, «Էլեկտրաէներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» նոր օրենագծերի քննարկման աշխատանքներին։Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։