Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը մասնակցել է «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկմանը
Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակներում կազմակերպած՝ «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկումը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Պանելային քննարկմանը մասնակցում էին Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, Վիվա-ՄՏՍ-ի, «Ucom»-ի, Ռոստելեկոմի ու Redinet-ի գլխավոր տնօրենները, ինչպես նաև ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:
Իր ելույթում Գևորգ Գևորգյանը նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտում խելացի ենթակառուցվածքների առկայությունը նախևառաջ պայմանավորված է շարժական և ամրակցված լայնաշերտ, արագագործ ցանցերի ներդրմամբ և դրանց նկատմամբ բնակչության ու տնտեսության տարբեր ճյուղերի համար հասանելիության ապահովմամբ: Մասնավորապես, այդպիսի ցանցեր կարող են համարվել ամրակցված օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի վրա հիմնված (PON/GPON) և շարժական 4G+(LTE Advanced) և 5G տեխնոլոգիաների վրա հիմնված նորագույն սերնդի ցանցերը (ներառյալ՝ IoT «իրերի ինտերնետ» ցանցերը), որոնց ներդրմանը և լայնորեն տարածմանը հանրապետության տարածքում իր ամենաօրյա աշխատանքում հետամուտ է լինում հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը՝ Հանձնաժողովը: