Բարձր մակարդակի կլոր սեղան Էլեկտրաէներգիայի շուկայի վերաբերյալ
Սույն թվականի մայիսի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամները և աշխատակազմը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, մասնակցեցին «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» (EU4Energy) ծրագրի կողմից և ՀԾԿՀ-ի աջակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, էներգետիկ ոլորտի շահագրգիռ կողմերը և միջազգային գործընկերները։
Քննարկման առանցքում էին էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացումը, այդ թվում շուկայի ազատականացման, կուտակիչ կայանների կարգավորմանն առնչվող հարցերը, ինչպես նաև <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը և կարգավորման մեխանիզմները։
ՀԾԿՀ նախագահը իր ելույթում ընդգծեց․ «Հայաստանի էներգետիկ ոլորտը ներկայումս գտնվում է կարևոր վերափոխումների փուլում: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող մեր աշխատանքները, որոնց նպատակն է ապահովել մրցակցային, թափանցիկ և արդյունավետ շուկայի ձևավորումը։ Առանցքային է «Էլեկտրաէներգիայի մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը՝ ապահովելու համար ոլորտի կայուն և կանխատեսելի զարգացումը: Հատուկ կարևորություն ունի նաև էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը, ինչը կնպաստի էներգահամակարգի ճկունության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի ինտեգրմանը և մատակարարման հուսալիության ապահովմանը»։
Կլոր սեղան-քննարկումը հնարավորություն ստեղծեց եվրոպական կարգավորող մարմինների հետ կիսվել փորձով և գիտելիքով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել սերտ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկ ոլորտի կայունության և տնտեսական գրավչության բարձրացմանը:

