ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հարցազրույցը «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակվելիք ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ
Եթե պարզվի, որ ջրամատակարարման կանոնների խախտում է արվել, ապա վարույթ կհարուցվի. Մեսրոպյան
ՀԿԾՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովը դեռ լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կատարի և եթե պարզվի, որ ընկերությունը ջրամատակարարման կանոնների խախտում է արել, ապա վարույթ կհարուցվի և համապատասխան տույժեր կկիրառվեն։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերության տարեկան ջրամատակարարման գրաֆիկների հաստատման գործընթացը դուրս է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորություններից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկը, ըստ որի` Երևանի որոշ հասցեներում մայիսից սահմանվելու է ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմ, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում` 6–ժամյա։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փետրվարի 25-ին հայտարարեց, որ ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ ժամեր անց հայտնեց, որ ՀՀ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինելու։
Մեսրոպյանի խոսքով` 2024 թվականի հոկտեմբերից Ջրամատակարարման և օգտագործման կանոններում տեղի է ունեցել փոփոխություն. 135-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել։
«Հետևաբար, «Վեոլիա Ջուր» ընկերության տարեկան ջրամատակարարման գրաֆիկը ենթակա չէր հանձնաժողովի հետ համաձայնեցման։ Ըստ գործող կարգի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը այդ գրաֆիկը հրապարակելուց 3 օր հետո անպայման պետք է հանձնաժողովին ծանուցեր այդ մասին, ինչը որ արել է»,–ասաց Մեսրոպյանը։
Նա ընդգծեց, որ հասարակության շրջանում բարձրացած բողոքի ալիքից հետո, պետական բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ ներկա է եղել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարը։ Իրավիճակը լրացուցիչ ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրակացության, որ հարկավոր է այդ գրաֆիկը չեղարկել և ուղարկել լրամշակման, որպեսզի նոր գրաֆիկը լինի քաղաքացիների համար ավելի բարենպաստ և իրատեսական։
Սակայն Մեսրոպյանը վստահ է, որ հրապարակված գրաֆիկում ոչ մի տարօրինակ բան չի եղել։ Նման գրաֆիկն իր օբյեկտիվ պատճառներն է ունեցել։
«Վերջին տարիներին մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարությունը աննախադեպ ծավալի է հասել։ Ճիշտ է` քաղաքում և հանրապետությունում բնակչությունը էականորեն չի ավելացել, բայց ջրի սպառման կետերն են ավելացել, ուստի պետք է կարողանալ ջրաքանակները ավելացած այդ բնակարանների համար ապահովել։ Օբյեկտիվությունը դրա մեջ է, որ ջուրը շատ դեպքերում կարող է չհերիքել և բերել գրաֆիկների ժամերի կրճատման»,–ասաց Մեսրոպյանը։
Նա շեշտեց, որ հատկապես շոգ ամիսներին մարդիկ շատ ջուր են օգտագործում, քաղաքամերձ տարածքներում ապրող շատ քաղաքացիներ իրենց հողամասերը ջրում են խմելու ջրով, շատերը ջուրը գողանում են, հետևաբար ջուրը իրապես օբյեկտիվորեն այդ ամիսներին պակասում է։
Հարցին, թե «Վեոլիա Ջրի» կողմից նման գրաֆիկի հրապարակումը ի՞նչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել ընկերության համար, Մեսրոպյանը նշեց, որ հանձնաժողովը դեռ լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կատարի և եթե պարզվի, որ ընկերությունը ջրամատակարարման կանոնների խախտում է արել, ապա վարույթ կհարուցվի և համապատասխան տույժեր կկիրառվեն։
Մեսրոպյանը մատնանշեց, որ քաղաքացիները «Վեոլիա Ջրի» հետ խնդիրներ են ունենում հիմնականում երկու դեպքում. կա՛մ ընկերության վատ մենեջմենթի, կա՛մ ֆիզիկապես մաշված ջրամատակարարման համակարգի պատճառով։
«Իմ խոր համոզմամբ, այս պահին ավելի շատ ֆիզիկապես մաշված ջրամատակարարման համակարգի հետ են կապված խնդիրները, և վաղուց արդեն օբյեկտիվորեն անհրաժեշտություն կա, որ Երևանին հարակից տարածքներից մայրաքաղաք նոր ջրաղբյուրներից նոր ջրածավալ մոտեցնենք, որպեսզի կարողանանք փաստացի ջրի պահանջարկը բավարարել։ Պետք է լուրջ զբաղվել նաև ջրագողությունների դեպքերով, որպեսզի նվազեցնենք ջրակորուստները։ Սրանք մեկ օրում լուծվող հարցեր չեն։ Ես վստահ եմ, որ 2-3 տարի հետո լրիվ ուրիշ պատկեր կունենանք ջրամատակարարման ոլորտում»,–ասաց Մեսրոպյանը։
ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց, որ եռակողմ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության, «Վեոլիա Ջրի» հայաստանյան գրասենյակի և ֆրանսիական գլխամասային գրասենյակի միջև, որպեսզի ընկերությանը փոխանցվող վարձավճարները անմիջապես չգնան բյուջե, այլ մնան ոլորտում՝ Ջրային կոմիտեում, որպեսզի այդ վարձավճարները ուղղեն ոլորտի ենթակառուցվածքների արդիականացման, վերանորոգմանը և առաջացած խնդիրների լուծմանը։

