ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը սույն թվականի հուլիսի 17-ին ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն էներգիա հանուն համայնքների կլիմայական դիմակայուն զարգացման (SE4Resilience)» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև էներգետիկ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանը, կարգավորող միջավայրի կատարելագործմանը և ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Մասնավորապես՝ քննարկվել են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից բխող՝ էներգիայի կուտակիչ համակարգերի ներդրմանն ու զարգացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ լիցենզավորման, սակագնային քաղաքականության և մրցութային ընթացակարգերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը նպաստում են էներգետիկ ոլորտի կարգավորման արդիականացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և կայուն էներգետիկ զարգացման նպատակների իրագործմանը։
Երկուստեք վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով աջակցել Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ առաջընթացին։


