ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի (այսուհետ՝ Ասոցիացիա) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մատակարար-կառուցապատող հարաբերություններին վերաբերող հարցեր, մասնավորապես բաշխման ցանցին միացման վճարների և կառուցապատողների կողմից բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերին նոր միացումների ազատականացման շուրջ, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։

«Շինարարական նախագծերում էլեկտրաէներգետիկական, ջրամատակարարման և գազամատակարարման առկա բոլոր ռեսուրսների ճիշտ բաշխումը կարևոր գործոն են ենթակառուցվածքների բարելավման համար, ուստի այդ ոլորտներում աշխատանքները պետք է իրականացվեն համակարգված և համաժամանակյա», - ընդգծել է Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Թեմայի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումները ներկայացրել են Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և Ասոցիացիայի խորհրդի անդամներ՝ Միկշին ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը, Արթ-Ռեզիդենս ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Աբովյանը, Ռենշին ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական՝ քննարկելու ընթացիկ հարցերը։