ՀԾԿՀ անդամները մասնակցել են Ջրային ոլորտի եվրոպական կարգավորողների ասոցիացիայի (WAREG) լիագումար նիստին
Սույն թվականի դեկտեմբերի 3–4-ը ՀԾՀԿ անդամներ Արա Նռանյանը և Կամո Սարգսյանը մասնակցել են Ջրային ոլորտի եվրոպական կարգավորողների ասոցիացիայի (WAREG) 36-րդ լիագումար նիստին, ինչպես նաև Ջրային ծառայությունների կարգավորման եվրոպական 4-րդ ֆորումին (EFRWS)։
Միջոցառման ընթացքում WAREG-ի լիիրավ անդամ է ընտրվել Սլովակիան, իսկ Ռումինիան ստացել է դիտորդի կարգավիճակ։ WAREG նախագահողը ներկայացրել է ասոցիացիայի եռամյա ռազմավարությունը, որը հաստատվել է անդամների կողմից։
ՀԾԿՀ-ն ներկայացրել է ջրային ոլորտի կարգավորման իր առաջնահերթությունները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների նվազումը, որը կարևոր խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական այլ երկրների համար, ինչպես նաև ջրամատակարարման համակարգին նոր սպառողների միացման հետ կապված խնդիրները։ Վերջինների մասով ակնկալվում է WAREG-ի կողմից լավագույն փորձի վերլուծություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում։ Հանձնաժողովի ներկայացուցիչները առաջարկել են այս առաջնահերթությունները ներառել կազմակերպության եռամյա ռազմավարությունում։ Այս համատեքստում քննարկվել է նաև առաջիկայում սպառողների շահերին առնչվող խնդիրների վրա կենտրոնանալու հարցը՝ WAREG-ում գործող աշխատանքային խմբերից մեկի շրջանակում։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ WAREG-ի որոշ անդամ-կարգավորողներ իրականացնում են նաև քաղաքային աղբահանության կարգավորման գործառույթներ, ներկայացվել է քաղաքային աղբահանության վերաբերյալ կարճ զեկույց։ Զեկույցի արդյունքների հիման վրա առաջարկվել է հետագա հանդիպումների ընթացքում քննարկել այս թեման WAREG-ի աշխատանքներում ներառելու հնարավորությունը։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Հանձնաժողովը Երևանում կհյուրընկալի WAREG-ի 37-րդ լիագումար նիստը՝ 2026 թվականի ապրիլին։

