ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունեց Հայաստանում այցով գտնվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև հանձնաժողովի անդամները։
ՀԾԿՀ նախագահը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց բարեփոխումների հարցում Հայաստանին աջակցելու միջազգային գործընկերների պատրաստակամությունը:
Կողմերը քննարկեցին վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով աշխատող արևային կայանների աճող հզորությունների կարգավորման կարևոր հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով արտադրած էներգիայի չնախատեսված գերծանրաբեռնվածությունը կանխելու հնարավորություններին։
Գործընկերների կողմից նաև ընդգծվեց Հանձնաժողովի ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ ֆինանսական անկախության ապահովման անհրաժեշտությունը: Ընդգծելով հարցի կարևորությունը՝ գործընկերները հատկապես նշեցին, որ Հանձնաժողովի անկախության ամրապնդման խնդիրն արտացոլված է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկայի զարգացման ծրագրում»։
Կողմերը նախանշեցին նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հնարավոր համագործակցության ուղղությունները։