ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում արևային կայանների ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև հանձնաժողովի անդամները և աշխատակազմի էներգետիկ փորձագետները։

Հանդիպմանը քննարկվեցին արևային էներգիայի ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Քննարկման գլխավոր թեման վերաբերում էր ինքնավար արևային կայանների և բաշխման ցանցում առկա խնդիրների պատճառով այդ կայանների հարակից սպառման կետերում էլեկտրաէներգիայի սահմանված նորմերից լարման շեղումներին։

«Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք ազդում են արևային էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի արդյունավետության վրա։ Այս խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը պահանջում են բոլոր կողմերի, այդ թվում՝ պետության, էներգետիկ ընկերությունների և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համատեղ աշխատանք։ Միայն համակարգված և նպատակաուղղված քայլերով կարելի է հաղթահարել խնդիրները և ապահովել էլեկտրամատակարարման կայունություն՝ չստեղծելով լրացուցիչ խնդիրներ էներգահամակարգի ռեժիմային կարգավորման տեսանկյունից»,- նշեց Հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանը։

Ընկերությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով և առաջարկեցին լուծումներ։

Մասնակիցները պայմանավորվեցին շարունակել համատեղ քննարկումները՝ արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ։