Հանձնաժողովում տեղի ունեցավ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերաբերյալ քննարկում
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագների վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը ներկայացրեց Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները և կատարված մոնիթորինգի արդյունքները։ Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2023 թվականի ընթացքում Երևանում և ՀՀ տարբեր մարզերում իրականացրել է մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 880 667,35 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա:
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի՝ 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։ Հիշեցնենք, որ 2023 թվականի համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ: Նախնական քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի և ապառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ: