Հանձնաժողովի կողմից սահմանվեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները:
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա: