Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի նիստին
Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ, Լատվիայի Ռիգա քաղաքում մասնակցել է հանձնաժողովի, որպես ԵՄ արևելյան գործընկերության երկրների էլեկտրոնային hաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 2022 թվականի նախագահողի նախաձեռնած` EaPeReg և BEREC (Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի) բարձր մակարդակի նիստին, որտեղ քննարկվել են համագործակցության հեռանկարներն ու մարտահրավերները։
Գարեգին Բաղրամյանը նշել է, որ հեռահաղորդակցության բնագավառի զարգացմանը համահունչ արդյունավետ կարգավորման իրականացման նպատակով հեռահաղորդակցության բնագավառը կարգավորող ազգային մարմինների համար ոլորտի կարգավորման միջազգային լավագույն փորձի տեղայնացումը և կիրառումը առանցքային նշանակություն ունի: Այս համատեքստում EaPeReg-ի և BEREC-ի նման կայացած կառույցների միջև համագործակցությունը կարևոր է, և հնարավորություն է ընձեռում իրականացնելու անհրաժեշտ փորձի փոխանակում, ինչպես նաև համատեղ քննարկումների և գործողությունների արդյունքում դիմակայելու ոլորտում առկա մարտահրավերները: