Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշեց 25-ամյակը
Սույն թվականի մայիսի 2-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշեց իր հիմնադրման 25-ամյակը, որին մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Լեյթինենը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Վրաստանի ազգային կարգավորող մարմնի նախագահ Դավիդ Նարմանիան:
Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, Ազգային Ժողովի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, միջազգային կազմակերպությունների, արտերկրի գործընկեր կառույցների, կարգավորվող ոլորտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովին տեսաուղերձով ողջունեց ԱՄՆ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների ազգային ասոցիացիան:
Բացման խոսքում փոխվարչապետ Գրիգորյանը շնորհավորեց Հանձնաժողովին՝ նշելով, որ հանրային ծառայությունների կարգավորումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Հանձնաժողովի գործունեությունն առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր տնտեսվարողին, ինչպես նաև պետության շահերին: Հարաբերությունների այս հարթությունում պետական կարգավորման նպատակը նշված շահերի լավագույնս և հմտորեն հավասարակշռումն է:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր շնորհավորական խոսքում ընդգծեց հանձնաժողովի կարևոր դերակատարությունը պետության զարգացման գործում, որն, ըստ էության, կատարում է հանրության, բիզնեսի և Կառավարության միջև կարգավորող դեր:
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Հանձնաժողովի հոբելյանական միջոցառմանը մասնակցելու համար՝ նշելով, որ ստեղծման առաջին իսկ օրվանից Հանձնաժողովն իր ողջ ներուժն ուղղեց ոլորտի հիմնական առաջնահերթությունների հատկորոշմանն ու այնուհետ դրանց համակողմանի կյանքի կոչմանը։ Իրավաստեղծ գործունեության արդյունքում ընդունվեցին կարգավորումներ, որոնք միտված էին ապահովելու հանրապետության էներգետիկ անվտանգությունը, խթանելու տեղական էներգետիկ պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը, երաշխավորելու սպառողներին էլեկտրական, ջերմային էներգիայի, բնական գազի հուսալի ու անվտանգ մատակարարումը, ձևավորելու ներդրումային նպաստավոր միջավայր։
Այնուհետև հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը ներկայացրեց Հանձնաժողովի հետագա քայլերը: (Շնորհանդես.«Հանձնաժողովի հետագա քայլերը»):