Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ողջույնի խոսքը Հանձնաժողովի 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Մեծարգո պարոն Փոխվարչապետ, Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Ողջունում եմ բոլորիս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնադրման 25 ամյա տարելիցի կապակցությամբ:
Մի կողմից բարդ ու մարտահրավերներով լի, մյուս կողմից նվիրումի, եռանդի ու համախմբված թիմային աշխատանքի ակնթարթ հիշեցնող 25 տարիներ։
Քառորդ դար առաջ էր, երբ տնտեսության առանցք համարվող էներգետիկայի բնագավառում առկա խնդիրները ձևավորեցին ոլորտում հիմնարար բարեփոխումներ իրականացնելու օբյեկտիվ պահանջ: Բարեփոխումների մեկնարկը նախևառաջ պահանջում էր կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատում՝ հիմք դնելով անկախ կարգավորման ինստիտուտի ձևավորմանն ու կայացմանը։
Արդյունքում, 1997 թվականին հիմնադրվեց անկախ կարգավորող պետական կառույցը՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը։ Նորանկախ հանրապետության համար այդ վճռորոշ փուլում հանձնաժողովին էր վերապահված էներգետիկայի բնագավառում արմատական բարեփոխումների իրականացման պատասխանատվությունը։
Ստեղծման առաջին իսկ օրվանից Հանձնաժողովն իր ողջ ներուժն ուղղեց ոլորտի հիմնական առաջնահերթությունների հատկորոշմանն ու այնուհետ դրանց համակողմանի կյանքի կոչմանը։ Իրավաստեղծ գործունեության արդյունքում ընդունվեցին կարգավորումներ, որոնք միտված էին ապահովելու հանրապետության էներգետիկ անվտանգությունը, խթանելու տեղական էներգետիկ պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը, երաշխավորելու սպառողներին էլեկտրական, ջերմային էներգիայի, բնական գազի հուսալի ու անվտանգ մատակարարումը, ձևավորելու ներդրումային նպաստավոր միջավայր։
Արդյունքում, Հանձնաժողովն իր բարձրակարգ ու արհեստավարժ աշխատակազմով, որպես երկրի ռազմավարական նշանակության և բնակչության կենսապահովման կարևորագույն ոլորտները կարգավորող հեղինակավոր մարմին, իր առանցքային տեղն է զբաղեցնում պետական կառույցների շարքում՝ արժանանալով նաև միջազգային գործընկերների հարգանքին ու վստահությանը: Այդ է վկայում նաև տարբեր փուլերում հանրային նշանակության այլ ոլորտների, այդ թվում՝ ջրային համակարգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի ներառումը հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում։
Հանձնաժողովի 25-ամյա գործունեության առանցքային ձեռքբերումներից կարելի է առանձնացնել.
● Էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր ժամանակաշրջաններում իրականացված արմատական բարեփոխումները որոնց արդյունքում ուղղահայաց ինտեգրված համակարգից այսօր անցում ենք կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ առավել ազատական մոդելի։ Շուկայի ազատականացման հիմնական նպատակը էլեկտրաէներգիայի արդարացի գնագոյացումն է ազատ մրցակցային միջավայրում։ Այն նախ և առաջ ենթադրում է մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի վաճառքի մենաշնորհի վերացում։ Առավել պարզ՝ սպառողին տրվում է հնարավորություն էլեկտրական էներգիան շարունակել գնել երաշխավորված մատակարարից՝ կարգավորվող գներով կամ ազատորեն ընտրելու այլ՝ մրցակցային մատակարար։ Մեծածախ շուկայում այն ենթադրում է էլեկտրական էներգիայի մրցակցային պայմաններով առուծախ, շուկա նոր մասնակիցների մուտք, ամսական առևտրից անցում ժամայինի և կնքված յուրաքաչյուր գործարքի արդյունքում առաջացած շեղումների համար հասցեական պատասխանատվություն՝ այն առաջացնող կողմի համար,
● Էական են ձեռքբերումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այսօր արդեն ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը կազմում է 12.6%, երբ 2003 թվականին 3,2% էր։ կարծում եմ ավելորդ է խոսել այս բնագավառի զարգացման ռազմավարական նշանակության մասին։ Հանրապետության տեղական պաշարների արդյունավետ օգտագործումն ապահովում է էներգետիկ անկախության աստիճանի բարձրացումը և նվազեցնում կախումը ներկրվող վառելիքից,
● Սկսած 2006 թվականից կարգավորման դաշտ ներառվեց նաև Հեռահաղորդակցության ոլորտը։ Շուկայի ազատականացմանն ու մրցակցության երաշխավորմանն ուղղված կարգավորումների արդյունքում ոլորտում արձանագրել ենք աննախադեպ թռիչքային ցուցանիշներ ՀՀ բոլոր (100%) բնակավայրերը ապահովված են շարժական կապի 2G, 3G և 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով, ՀՀ բոլոր (100%) բնակավայրերը ապահովված են լարային և (կամ) անլար տեխնոլոգիաների կիրառմամբ հանրային հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետ ծառայությունների հասանելիությամբ։ Միջազգային IP հոսքերի թողունակությունն աճել է 14800 անգամ, գինը նվազել՝ շուրջ 10700 անգամ, իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը աճել է ավելի քան 227 անգամ,
● Անցած 25 տարիների ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը և կիրառվող կարգավորումները նպաստավոր միջավայր են ձևավորել կապիտալ ներդրումների իրականացման համար, որի արդյունքում, էներգետիկայի բնագավառում ունենք ավելի քան 1.5 տրիլիոն դրամի ներդրումներ, ավելի քան 640 միլիարդ դրամ՝ հեռահաղորդակցության ոլորտում։
Հարգելի ներկաներ, իրողություն է, որ հանրային ծառայությունների կարգավորման բնագավառը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և քաղաքական մեծ նշանակություն ու հնչեղություն ունեցող է, որտեղ համակցվում են երկրի յուրաքանչյուր քաղաքացու, տնտեսվարողի և պետության շահերը: Հարաբերությունների այս հարթությունում պետական կարգավորման նպատակը նշված շահերի լավագույնս և հմտորեն հավասարակշռումն է։
Ընդ որում, շատ հաճախ այդ շահերը ոչ միայն տարաբևեռ են, այլև ընդհուպ մինչը հակասական։ Այս առումով բավական դժվար է գտնել կարգավորման լուծումների այն ոսկե միջինը, որը բոլոր կողմերի համար կլինի առնվազն հավասարաչափ դժգոհություն առաջացնող։
Անկախ կարգավորման ինստիտուտի կայացմամբ է հնարավոր միայն իրական հավասարակշում, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, որպեսզի ապահովի համակողմանի, երկարաժամկետ և կայուն կարգավորման քաղաքականություն, մյուս կողմից օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ համարժեք գործիքակազմով։
Նշվածը, սակայն, ամենևին էլ չի ենթադրում, որ կարգավորող հանձնաժողովը պետք է ընկալվի պետական այլ կառույցներից մեկուսացած կամ վերջիններիս հետ հակադրվող կառույց, հակառակը՝ արդյունավետ կարգավորման գրավականը ես տեսնում եմ շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի մեկտեղմամբ։
Այս առումով, նշեմ, որ Կարգավորող մարմնի ինստիտուցիոնալ կայացման նոր շրջափուլն արձանագրվեց 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում, երբ հանձնաժողովին տրվեց ինքնավար մարմնի կարգավիճակ, և վերջինիս անդամների ընտրությունը վերապահվեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին։ Նշված սահմանադրական փոփոխություններին հաջորդեցին Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթների մշակման և ընդունման աշխատանքները, որոնցից վերջինն իրավական ուժ ստացավ 2021 թվականի տարեվերջին։
Շատ կարճ խոսեմ նաև առաջիկա անելիքների մասին։ Հանձնաժողովի՝ ապագային միտված քայլերը նույնպես բավականին ընդգրկուն են և բազմապրոֆիլ։ Առաջիկա տարիներին նախատեսվում է ծավալուն օրենսդրական բարեփոխումների շրջափուլ՝ միտված ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարմանը։ Այս համատեքստում նախատեսվում է էներգետիկայի մասին օրենքի հիմնովին վերանայում, եվրոպական դիրեկտիվներին մոտարկումն ապահովելու համար, որոնց արդյունքում կընդունվեն էլեկտրաէներգետիկայի և բնական գազի ոլորտները կարգավորող լիովին նոր՝ առանձնացված օրենքներ։ Նախատեսվում է նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի վերանայում և դրանից բխող ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական բարեփոխումներ։
Հաջորդ ուղղությունը տեսնում եմ շուկայի ազատականացման գործընթացի մասով։ Նորաստեղծ շուկան բնականաբար կառաջադրի նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և դրանց արդյունավետ հաղթահարումը մեծապես կախված կլինի նաև հանձնաժողովի օպերատիվ արձագանքից և լուծումներից։
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման շրջանակում մասնակիցների պատասխանատվության մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված նախատեսվում են շուկայի հիմնական խաղացողների, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության ծրագրով նախատեսված պետական ըներությունների սակագների հաշվարկման մեթոդիկաների վերանայում։
Հարգելի ներկաներ,
Հանձնաժողովն առավել, քան երբևէ վճռական է իր 25-ամյա փորձառությամբ արձանագրված ձեռքբերումների հիման վրա հետայսու ևս ջանքերի առավելագույնս ներդրմամբ նպաստելու հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման ինստիտուտի կայացմանը՝ հանուն մեր երկրի հետագա բարօրության և զարգացման։
Ամփոփելով խոսքս, ևս մեկ անգամ թույլ տվեք հոբելյանական այս առիթով ջերմորեն շնորհավորել Հանձնաժողովի ստեղծման և կայացման մեջ իրենց ներդրումն ունեցող բոլոր հանձնաժողովականներին, ինչպես նաև հանձնաժողովի հետ սերտորեն համագործակցող օրենսդիր և գործադիր մարմինների ու միջազգային կառույցների մեր գործընկերներին՝ մաղթելով հետագա բեղմնավոր գործունեություն և հաջողություններ: