ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, մասնակցել է Էներգետիկայի կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ԷԿՏԱ) 22-րդ տարեկան համաժողովին, որը տեղի է ունեցել մայիսի 5-6-ը Օմանի մայրաքաղաք Մասկատում: Համաժողովը կրում էր «Էներգետիկ անցման առաջխաղացումը արդյունավետ քաղաքականության և կարգավորման միջոցով» խորագիրը, որին մասնակցել են 54 երկրների 345 ներկայացուցիչներ։ Համաժողովը արժեքավոր հարթակ է ստեղծել միջազգային կապեր հաստատելու, փորձի փոխանակման և կարգավորող մարմինների համաշխարհային մասնագիտական համայնքում Հայաստանի դիրքը ամրապնդելու համար։
Հայկական պատվիրակությունը հատկապես հետաքրքրված էր վերականգնվող էներգիայի ինտեգրմանը էներգետիկ համակարգում, էներգետիկ շուկայի բարեփոխումներին և միջսահմանային համագործակցությանը նվիրված քննարկումներով, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի էներգետիկ օրակարգի համար։
Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցեց նաև ԷԿՏԱ-ի գլխավոր ժողովին, որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, տեղի է ունեցել կազմակերպության նախագահության նոր անդամների ընտրություններ։ Հայաստանը առաջադրել էր ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանին, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ԷԿՏՀ նախագահության կազմում՝ երկու տարի ժամկետով։
Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ։ Մասնավորապես, սերտ աշխատանքային կապեր են հաստատվել մյուս տարի համաժողովը հյուրընկալող Սլովակիայի պատվիրակության հետ, որի կազմում էին կարգավորող մարմնի ղեկավարը և ԵՄ Թվինինգ ծրագրերի իրականացման գործակալության ղեկավարը։ Սլովակյան կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանին նման ծրագրերի շրջանակներում՝ հիմնվելով Ուզբեկստանում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում ունեցած իր փորձի վրա։
ՀԾԿՀ-ն մեծ նշանակություն է տալիս ԷԿՏԱ-ի գործունեությանը ակտիվ մասնակցությանը և շարունակելու է ներդնել միջազգային լավագույն փորձը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու և կարգավորող քաղաքականությունը արդիականացնելու նպատակով։