Բովանդակություն
600.0333.01.09.21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2021 թվականի № 333Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԸ ԿԱԶՄՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2021 թվականի հուլիսի 26-ի №Ե-370-21 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հայտնել, որ Ընկերությունը, վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, նախատեսում է գրավադնել Ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող 73927 հատ (Ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 172496 հատ (Ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող), միասին՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերը, ինչպես նաև Ընկերության կողմից ապագայում թողարկվելիք բաժնետոմսերը (եթե այդպիսիք լինեն)՝ հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (այսուհետ՝ Գործարքներ): Ըստ գրությունների՝ Գործարքները նախատեսվում է կնքել Ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված, Ընկերության ու Ասիական զարգացման բանկի միջև 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված, ինչպես նաև՝ Ընկերության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև կնքվելիք վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով: Ընկերության բաժնետոմսերը գրավադրվում են որպես հաջորդող գրավ:
Վերոշարադրյալից ելնելով՝ Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովի համաձայնությունը՝ կնքելու Գործարքները,
բ) Հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, 2021 թվականի օգոստոսի 11-ի №ԳԲ/34.1-Մ2-2/2723-2021 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ ստանալու Գործարքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) դիրքորոշումը,
գ) 2021 թվականի օգոստոսի 27-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի գրավադրման գործարքներին համաձայնություն տալու մասին» №1404-Ա որոշումը, որով ամրագրվել են այդ համաձայնության ուժի մեջ մտնելու և վավերական դառնալու պայմաններ,
դ) 2021 թվականի օգոստոսի 31-ին Հանձնաժողով է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի №02/12.8/29872-2021 գրությունը՝ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի №1404-Ա որոշմամբ առաջնորդվելու մասին,
ե) Հանձնաժողովի կողմից Գործարքներին համաձայնություն տալը, համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի, չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը և ներքին շուկայի սպառողների շահերը, չի սպառնում ազգային անվտանգությանն ու պետական շահերին, իսկ անհրաժեշտ փորձ ունեցող անձի վերաբերյալ դրույթը Գործարքների նկատմամբ կիրառելի չէ, և
հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27‑րդ հոդվածը և Հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39Ն որոշմամբ հաստատված կարգը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի №1404-Ա որոշմամբ սահմանված պայմաններով համաձայնություն տալ՝
1) հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի գրավադնելու Ընկերության կանոնադրական կապիտալի հարյուր տոկոսը կազմող՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող 73927 հատ (Ընկերության կանոնադրական կապիտալի՝ 30,000041 տոկոսը կազմող) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 172496 հատ (Ընկերության կանոնադրական կապիտալի՝ 69,999959 տոկոսը կազմող), միասին՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերը, ինչպես նաև Ընկերության կողմից ապագայում թողարկվելիք բաժնետոմսերը.
2) հօգուտ Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրավադնելու Ընկերության կանոնադրական կապիտալի հարյուր տոկոսը կազմող՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող 73927 հատ (Ընկերության կանոնադրական կապիտալի՝ 30,000041 տոկոսը կազմող) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 172496 հատ (Ընկերության կանոնադրական կապիտալի՝ 69,999959 տոկոսը կազմող), միասին՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերը, ինչպես նաև Ընկերության կողմից ապագայում թողարկվելիք բաժնետոմսերը։ - Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գործարքների կնքման ժամկետը չի կարող գերազանցել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամիսը.
2) սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե դադարեցվում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի №1404-Ա որոշմամբ տրված համաձայնության գործողությունը կամ խախտվում է նշված որոշմամբ Ընկերության բաժնետոմսերի գրավադրման համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը։ - Ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործարքները կնքելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել համապատասխան պայմանագրերի պատճենները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
01 սեպտեմբերի 2021թ.

