Բովանդակություն
600.0520.29.11․22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2022 թվականի №520Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ, ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ
ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի №359Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 15-Ի №275Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել՝
1) էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան՝ համաձայն №1 հավելվածի,
2) էլեկտրաէներգետիկական համակարգում ակագների սահմանման ու վերանայման կարգը՝ համաձայն №2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №359Ն որոշման՝
1) 1-ին կետում «էներգետիկայի բնագավառում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի)» բառերը,
2) հավելվածի՝
ա. վերնագրում և 1-ին կետում «էներգետիկայի բնագավառում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի)» բառերը,
բ. 2-րդ կետում «Էներգետիկայի բնագավառում սակագնային» բառերը փոխարինել «Գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերում սակագնային» բառերով,
գ. 2-րդ կետի 1-ին և 3-րդ կետի 4-7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետից հանել «(փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում՝ մեկ օրինակից)» բառերը, իսկ «30 օր հետո» բառերը փոխարինել «20 աշխատանքային օր հետո» բառերով,
ե. 9.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 15.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15.1. Սպառողների համար սակագների սահմանման կամ վերանայման դեպքում`
1) Հայտն ուսումնասիրության ընդունելու մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ, որի ապահովման նպատակով Հանձնաժողովի ինտերնետային կայքում հրապարակվում է նաև համապատասխան ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
2) Հայտը Հանձնաժողովի ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն հրավիրում է քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու սպառողների սակագների վերանայմանը հանգեցնող գործոնները և իր պարզաբանումները։ Քննարկման տեղի և ժամի մասին Հայտատուն իրազեկում է առնվազն 3 աշխատանքային օր առաջ,
3) սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը՝ Հանձնաժողովի նիստում քննարկելուց՝
ա. առնվազն 6 աշխատանքային օր առաջ սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,
բ. առնվազն 1 աշխատանքային օր առաջ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Անձի ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում, որի տեղի և ժամի մասին Հանժնաժողովը իր ինտերնետային կայքում տեղադրում է համապատասխան հայտարարություն առնվազն 3 աշխատանքային օր առաջ:»,
է. 17-րդ կետից հանել «(փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում)» բառերը,
ը. 19-րդ կետում «կատարումից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված դեպքերում» բառերը,
թ. 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«20. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագների վերանայման գործընթաց ձեռնարկելու դեպքում՝
1) այդ մասին գրավոր տեղեկացնում է Անձին.
2) Անձից կարող է պահանջել լիցենզավորված գործունեությանն առնչվող՝ սակագնի տարր կազմող ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.
3) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա՝
ա. սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է հաղորդագրություն սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ՝ նշելով նաև սակագների վերանայման գործընթաց սկսելու հանգամանքները.
բ. սույն կարգի 15.1-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ընթացակարգին համապատասխան իրականացնում է քննարկում:
21. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագինը վերանայում է՝ Անձին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում։»,
ժ. №1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն №3 հավելվածի.
ժա. №2 և №3 հավելվածներից հանել «էլեկտրական էներգիայի,» բառերը,
ժբ. №4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №4 հավելվածի,
ժգ. №5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №5 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն որոշման հավելվածի 1-ին պարբերությունում «2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի» 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նշված փոքր հիդրոէլեկտրակայանների» բառերը փոխարինել «կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն մրցակցային պայմաններով գործող արտադրողներ դասակարգված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գների, ինչպես նաև 2004 թվականի փետրվարի 9-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած բնական ջրահոսքերի վրա կառուցված և 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած ոռոգման համակարգերի ու խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների» բառերով։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №125Ն որոշումը,
2) 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն որոշումը,
3) 2010 թվականի մայիսի 19-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանելու մասին» №241Ն որոշումը,
4) 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №88Ն որոշումը,
5) 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №541Ն որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 10-ից, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
29 նոյեմբերի 2022թ.