600.0015.30.06.99 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

30 հունիսի 1999 թվականի №15

ք. Երևան

 

 

 

Բնական գազի մատակարարման պայմանագրերի մասին

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի դ) ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442 հոդվածը, 552 հոդվածի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կառուցվածքային անավարտ բարեփոխումներով պայմանավորված` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով տրված գազի բաշխման լիցենզիան և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝

  1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի №22 որոշմամբ հաստատված՝ սպառողներին (բաժանորդներին) բնական գազի մատակարարման (առքուվաճառքի) պայմանագրերը համարվում են հրապարակային պայմանագրեր:
  2. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում համարել բնական գազ մատակարարող պայմանագրային կողմ:
  3. «Հայգազ» ՓԲԸ-ի հետ նախկինում կնքված պայմանագիր և սահմանված կարգով բնական գազ բաշխող ընկերության բաշխման ցանցերին համապատասխան միացում ունեցող բոլոր սպառողներին (բաժանորդներին) 1999 թվականի հուլիսի 1-ից համարել «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի հետ նշված պայմանագիրը կնքած՝ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան