600.0143.08.11.04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2004 թվականի №143Ա

ք. Երևան

 

«ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը, 23-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N4 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցված հողատարածքներում (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Գործարանային փողոց).

ա) տրամադրել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով,

բ) հաստատել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված 1),

գ) տրամադրել ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով,

դ) հաստատել ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված 2),

ե) տրամադրել ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով,

զ) հաստատել ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիայի պայմանները (հավելված 3),

է) տրամադրել ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով,

ը) հաստատել ջերմային էներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները (հավելված 4)։

  1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչ և 2004 թվականի դեկտեմբերի 1-ը կհաստատի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) և ջերմային էներգիայի սակագները։
  2. Մինչ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կսահմանվի և ուժի մեջ կմտնի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինը, առաջարկել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին կնքել համապատասխան պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից մինչ առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինն ուժի մեջ մտնելու պահը առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման նպատակով։
  3. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխան պայմանագրի հիման վրա «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության և էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ապահովման նպատակով՝ մինչ առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինն ուժի մեջ մտնելու պահը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճարներ կամ փոխառություն։
  4. Սույն որոշման 2-րդ կետում նշված «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինն ուժի մեջ մտնելու պահից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետը կատարել համապատասխան վերահաշվարկ՝ սույն որոշման 3-րդ կետին համապատասխան պայմանագրի հիման վրա հաշվառված էլեկտրական էներգիայի (հզորության) համար։
  5. Մինչ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կսահմանվի և ուժի մեջ կմտնի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող ջերմային էներգիայի սակագինը, առաջարկել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական և Հրազդանի քաղաքային համայնքի «Ջեռուցման վարչություն» փակ բաժնետիրական ընկերություններին կնքել համապատասխան պայմանագիր ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման լիցենզիաներն ուժի մեջ մտնելու պահից մինչ առաքվող ջերմային էներգիայի սակագինն ուժի մեջ մտնելու պահը առաքված ջերմային էներգիայի հաշվառման նպատակով։
  6. Առաջարկել Հրազդանի քաղաքային համայնքի «Ջեռուցման վարչություն» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխան պայմանագրի հիման վրա «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության և ջերմամատակարարման համակարգի հուսալիության ապահովման նպատակով՝ մինչ առաքված ջերմային էներգիայի սակագինն ուժի մեջ մտնելու պահը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճարներ կամ փոխառություն։
  7. Սույն որոշման 2-րդ կետում նշված «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող ջերմային էներգիայի սակագինն ուժի մեջ մտնելու պահից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետը կատարել համապատասխան վերահաշվարկ՝ սույն որոշման 6-րդ կետին համապատասխան պայմանագրի հիման վրա հաշվառված ջերմային էներգիայի համար։
  8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 10-ի N8 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի մարտի 3-ի «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից որոշվող հետագա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող իրավաբանական անձին տրվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները հաստատելու մասին»N12Ա որոշումը։
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի նոյեմբերի 10-ից։

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                   Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 ք. Երևան

8 նոյեմբերի 2004թ.

 ժամը 17։00