Բովանդակություն
600.0215.01.07․24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2024 թվականի №215-Ա
ք. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ,
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 3.928 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի 19-րդ կետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված դեպքերում հաստատված սակագնից ավելի բարձր գնով էլեկտրական էներգիայի վաճառքից ձևավորված 3202.54 միլիոն դրամ լրացուցիչ օգուտից 1628.9 միլիոն դրամը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը փոխանցում է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 25-ը, իսկ մնացած 1573.64 միլիոն դրամը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի №564-Ա և 2023 թվականի հունիսի 30-ի №211-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №464-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
1 հուլիսի 2024թ.

