Բովանդակություն
600.0421.31.10․12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2012 թվականի №421Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №616Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգի նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանելու մասին» №616Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգի նկատմամբ լրացուցիչ պահանջների 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգ պետք է հանդիսանա մրցույթը: Լիցենզավորված անձի կողմից անցկացվող բոլոր մրցույթները բաց են: Գնումները կարող են կատարվել նաև մրցակցություն ապահովող գնման այլ պարզեցված ընթացակարգերով: Այդպիսի ընթացակարգերը պետք է հստակ նկարագրվեն Լիցենզավորված անձի գնումների կարգում: Մրցույթի և մրցակցություն ապահովող գնման գնումների շեմերը համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ: Լիցենզավորված անձը կարող է իրականացնել գնումներ այլ պարզեցված ընթացակարգերով, եթե.
- ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, հրատապությունից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել,
- դրանց գումարը չի գերազանցում 25 (քսանհինգ) միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ վճարները, որոնք առնչվում են տվյալ գնմանը): Լիցենզավորված անձը մրցակցային ընթացակարգեր կիրառելուց խուսափելու նպատակով չպետք է պարբերաբար իրականացվող գնումները բաժանի առանձին խմբաքանակների, փոխի գնման պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերը,
- անհրաժեշտ է իրականացնել տարածքի վարձակալության կամ օգտագործման, ցանցերի փոխկապակցման և տրաֆիկի փոխանակման, տեղական կամ միջազգային կապուղիների վարձակալության, միջազգային զանգերի վերջնավորման ծառայությունների, ինչպես նաև էլեկտրական էներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների գնում,
- գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ,
- ձեռք են բերվում ապրանքների լրացուցիչ քանակություններ, որոնք նախատեսված են մատակարարի կողմից նախապես մատակարարված սարքավորումները (կառուցվածքները) փոխարինելու կամ լրացնելու համար, և սկզբնական մատակարարի փոփոխությունը կպարտադրի պատվիրատուին ձեռք բերել այլ հատկանիշներ ունեցող ապրանքներ, ինչը շահագործման ու պահպանման առումով կառաջացնի անհամատեղելիություն կամ անհամաչափ տեխնիկական բարդություններ:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
31 հոկտեմբեր 2012թ.
ժամը 1600