600.0336.18.12.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2006 թվականի №336Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի №1465-Ն ՈՐՈՇՄԱՄԲ «ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով՝

1) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության դիրքորոշումն առ այն, որ «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա.» (OTE) կազմակերպությանը պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնություն է տալիս աստիճանաբար հրաժարվել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված հեռահաղորդակցության տարբեր ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից,

2) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 12-ի գրությունը,

3) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի №12-141/01 գրությունը,

4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի №01-11/5311 գրությունը և

 հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 65-րդ և 66-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին №1465-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի 10.Դ.1 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» №1465-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայում (այսուհետև՝ Լիցենզիա) կատարել հետևյալ փոփոխությունը`

հաստատել Լիցենզիան նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

  1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական և «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ շարունակել համատեղ աշխատանքը Լիցենզիայում և նորմատիվ իրավական դաշտում հետագա փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բացառիկ իրավունքների դադարեցմանը և հեռահաղորդակցության շուկայի համապատասխան մասերը մրցակցային շուկայի վերափոխմանը։
  2. Հանձնարարել «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություն-ներին` համատեղ քննարկել և մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքված փոխկապակցման փոփոխված պայմանագիրը, որը միջազգային կապի ծառայությունների մատուցման հարցում կհաստատի համագործակցությունը նրանց միջև։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝               Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
 18 դեկտեմբերի 2006թ․
      ժամը 1700