Բովանդակություն
600.0140.28.04.21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2021 թվականի № 140Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով՝
ա) որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածի №4 աղյուսակի 4-րդ կետի համաձայն՝ «103» կարճ կոդը նախատեսված է շտապ բժշկական օգնության ծառայության թեժ գծի օգտագործման համար,
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) 2021 թվականի փետրվարի 16-ի №ԱԱ/11.2/2611-2021 գրությունը, որով հայցել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աջակցությունը՝ շտապ բժշկական օգնության ծառայության զանգերի ընդունման «103» կարճ կոդի տնօրինման իրավունքը և դրանից բխող պարտավորությունները, տվյալ ոլորտում նախատեսվող հետագա բարեփոխումների կազմակերպման խթանման նպատակով Նախարարությանը փոխանցելու հարցում,
գ) ի պատասխան Հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 22-ի №ԳԲ/34.2-Մ2-10/534-2021 գրության՝ Նախարարության 2021 թվականի փետրվարի 23-ի NԱԱ/11.2/3268-2021 և «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի մարտի 2-ի N282/21-U11 գրությունները, որոնցով վերջիններս հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ առարկություններ չկան, ինչպես նաև «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2021 թվականի փետրվարի 26-ի N131 (Հանձնաժողովում մուտք է եղել 2021 թվականի մարտի 9-ին) գրությունը, որով վերջինս հայտնել է, որ Ընկերության հիմնադիրը և բաժնետոմսերի (100 տոկոս) սեփականատերը Երևանի քաղաքապետարանն է և գրությունը պետք է վերահասցեագրել Երևանի քաղաքապետի անունով,
դ) ի պատասխան Հանձնաժողովի 2021 թվականի մարտի 10-ի №ԳԲ/34.2-Մ2-10/676-2021 գրության՝ Երևանի քաղաքապետարանի 2021 թվականի մարտի 22-ի №01/10-29209 գրությունը, որով Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ «103» կարճ կոդի տնօրինման իրավունքը և դրանից բխող պարտավորությունները Նախարարությանը փոխանցելու հարցը բավարար չափով հիմնավորված չէ, դրա իրականացմամբ կարող է խախտվել Ընկերության բնականոն գործունեությունը և, հաշվի առնելով Ընկերության գործունեության յուրահատկությունները՝ կարող է առաջացնել ծանր հետևանքներ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը կառավարում է Երևանի սեփականություն համարվող առողջապահական կազմակերպությունները։ Տվյալ դեպքում՝ Ընկերության գործունեությունը համակարգվում է Երևանի քաղաքապետի կողմից, և վերջինս պատասխանատվություն է կրում նշված ոլորտում այդ լիազորությունների իրականացման համար։ Երևան քաղաքի բնակչությունը տարիների ընթացքում տեղեկացված է, որ բուժօգնության դիմելու համար անհրաժեշտ է զանգահարել «103» կարճ կոդին, որը ուղիղ Ընկերության տնօրինման տակ չգտնվելու դեպքում զանգը/կանչը պետք է ուղղվի Նախարարություն և այնտեղից վերահասցեագրվի Ընկերությանը։ Արդյունքում՝ օգնության կարիք ունեցող քաղաքացու և օգնությունը տրամադրող շտապ օգնության ծառայության միջև ի հայտ է գալու լրացուցիչ օղակ, որի միակ գործառույթը լինելու է զանգի/կանչի վերահասցեագրումը։ Այս գործառույթը պահանջելու է լրացուցիչ ժամանակ, իսկ քաղաքացուն օգնության տրամադրման ուշացումը կարող է հանգեցնել ընդհուպ մահվան կամ այլ ծանր հետևանքների։ Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է Նախարարության կողմից նշված տեխնիկական և աշխատանքային խնդիրները հստակ մատնանշելու դեպքում քննարկել լուծման այլ (առավել արդյունավետ) տարբերակներ,
ե) ի պատասխան Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման՝ Նախարարության 2021 թվականի մարտի 31-ի №ԱԱ/11.2/6206-2021 գրությունը, որով վերջինս վերահաստատում է իր դիրքորոշումը շտապ բժշկական օգնության ծառայության զանգերի ընդունման «103» կարճ կոդի տնօրինման իրավունքը և դրանից բխող պարտավորություններն իրեն փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնելով նաև, որ զանգերի ստացումը և վերահասցեագրումը ոչ միայն Ընկերությանը, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է կենտրոնացված և օպերատիվ կարգով, ուստի հիմնավոր չէ Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիներին անհետաձգելի օգնության արդյունավետության նվազեցման վերաբերյալ դիրքորոշումը,
զ) ի պատասխան Երևանի քաղաքապետարանի 2021 թվականի ապրիլի 21-ի №07/48691 գրության Հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 21-ի №ԳԲ/34.2-Մ2-10/1286-2021 գրությունը, որի համաձայն Երևանի քաղաքապետարանը ծանուցվել է, որ Հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 21-ի նիստի օրակարգում ներառված՝ սույն որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է և ներառվել է Հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 28-ի նիստի օրակարգում, ինչպես նաև տրամադրվել է քննարկվող հարցին առնչվող նյութերը, այդ թվում՝ Նախարարության 2021 թվականի մարտի 31-ի №ԱԱ/11.2/6206-2021 գրության պատճենը,
է) Երևանի քաղաքապետարանի 2021 թվականի ապրիլի 27-ի №07/50060հ գրությունը, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը.
- նշելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին և 21-րդ հոդվածի 2-րդ մասերը, խնդրել է Ընկերությանը սույն վարույթին ներգրավել որպես երրորդ անձ, քանի որ վարչական վարույթը վերաբերում է նաև Ընկերությանը, որը հանդիսանում «103» կարճ կոդի իրավատեր, նշված շահագործման իրավունքի հնարավոր դադարեցումը ուղղակի առնչվելու է Ընկերության իրավունքներին, վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը շոշափվելու են սույն վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, Ընկերությունը առանձին իրավաբանական անձ է, Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանում չէ, գործում է ինքնուրույն և հանդիսանում է վարչական վարույթի ինքնուրույն սուբյեկտ՝ անկախ այն հանգամանքից, որ նշված ընկերության հիմնադիրը Երևանի համայնքն է,
- նշելով Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձին կամ անձանց բացարկ հայտնելու նպատակով խնդրել է տրամադրել տեղեկատվություն սույն որոշման նախագիծը կազմած ու հրապարակած անձանց վերաբերյալ, քանի որ Նախարարության 2021 թվականի փետրվարի 16-ի №ԱԱ/11.2/2611-2021 գրության բավարարման վերաբերյալ որոշման նախագծի կազմումը, այն պաշտոնապես վարչական վարույթի նյութերում ներառումը և Հանձնաժողովի կայքում տեղադրումը հանդիսանում է հրապարակայնորեն գործի հնարավոր ելքի մասին արտահայտում և գործում առկա փաստական հանգամանքներից որոշներին առավելություն տալու գնահատական,
- խնդրել է սույն թվականի ապրիլի 28-ին նշանակված նիստում «103» կարճ կոդի տնօրինման հարցը չքննարկել և դրա քննարկումը հետաձգել՝ հնարավորություն տալով Երևան համայնքին, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու բացարկի միջնորդություն և ծանոթանալու Ընկերության ներկայացրած դիրքորոշմանն ու ապացույցներին, ինչն անհրաժեշտ է քննարկվող հարցի վերաբերյալ վերջնական դիրքրոշման ձևավորման համար,
ը) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 2-րդ կետը, որի համաձայն` առողջապահության, բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ապահովման, առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման, մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման..., ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Նախարարությունը,
թ) Հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» №210Ն որոշման 1-ին կետով սահմանված կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 2-րդ և 7-րդ կետերը, որոնց համաձայն՝ «1xx» հատուկ ծառայությունների կոդը կարող է օգտագործվել բացառապես արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանություն ապահովող իրավասու մարմինների կողմից` նշված իրավիճակներում օպերատիվ արձագանքման գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաև պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար և մինչև կանոններն ուժի մեջ մտնելու պահը գործարկված կոդերը շարունակում են գործարկվել նույն պայմաններով` մինչև Հանձնաժողովի կողմից այլ պայմաններ սահմանելը,
ժ) Կանոնների իմաստով «103» կարճ կոդը ենթակա է օգտագործման Նախարարության կողմից, քանի որ՝
- շտապ բժշկական օգնության ծառայության թեժ գծի «103» կարճ կոդն ունի համապետական նշանակություն և նշված կարճ կոդին կատարվող զանգերի սպասարկման շրջանակում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցումն իրականացվում է ամբողջ հանրապետության տարածքով, իսկ առողջապահական ծառայությունների տեսանկյունից այն դիտարկվում է շտապ բժշկական օգնության արտահիվանդանոցային ծառայության հետ կապի միջոց, շտապ օգնության ծառայության գործակարգավարական բաժինը համարվում է բժշկական ստորաբաժանում, որն էլ իր հերթին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի իմաստով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն է,
- առողջապահության ոլորտի իրավասու մարմին է հանդիսանում Նախարարությունը,
ի) որ Հանձնաժողովը, ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի ներկայացրած դիտարկումները, գտնում է, որ դրանք հարցը չքննարկելու կամ հարցի քննարկումը հետաձգելու հիմք չեն կարող լինել հետևյալ հիմնավորումներով.
- Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման համաձայն՝ «103» կարճ կոդը նախատեսված է շտապ բժշկական օգնության ծառայության թեժ գծի օգտագործման համար, այլ ոչ թե հատուկ Ընկերության կողմից օգտագործելու նպատակով, նկատի ունենալով նշված կոդի օգտագործման և շտապ բժշկական օգնության ծառայության մատուցման համապետական նշանակությունը։ Այդուհանդերձ, հարցի քննարկմանն Ընկերությունն ի սկզբանե ներգրավված է եղել, սակայն Հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 22-ի NԳԲ/34.2-Մ2-10/534-2021 գրությանն ի պատասխան Ընկերությունն իր 2021 թվականի փետրվարի 26-ի N131 գրությամբ հայտնել է, որ Ընկերության հիմնադիրը և բաժնետոմսերի (100 տոկոս) սեփականատերը Երևանի քաղաքապետարանն է և գրությունը պետք է վերահասցեագրել Երևանի քաղաքապետի անունով։ Ընդ որում, Ընկերության նշված գրության պատճենը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանին (Հանձնաժողովի 2021 թվականի մարտի 10-ի NԳԲ/34.2-Մ2-10/676-2021 և ապրիլի 21-ի NԳԲ/34.2-Մ2-10/1286-2021 գրություններով),
- «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշմամբ հաստատված՝ Հանձնաժողովի նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգի 13-րդ, 24-րդ և 25-րդ կետերի բովանդակությունից ակնհայտ է, որ հարցերը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվում են արդեն իսկ մշակված նախագծերի միջոցով, որոնք կազմվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից և հրապարակվում (կայքում զետեղվում) են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարման համար պատասխանատու աշխատակցի կողմից։ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարույթի մասնակիցները օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս գրավոր բացարկ կարող են հայտնել կոլեգիալ կազմի անդամի։ Մինչդեռ, տվյալ պարագայում սույն որոշման նախագիծը կազմող և հրապարակող անձինք վարչական վարույթի կոլեգիալ կազմի անդամ չեն հանդիսանում,
և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածի №4 աղյուսակի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
շտապ բժշկական օգնության ծառայության զանգերի ընդունման թեժ գիծ (օգտագործող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն) |
103 |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
26 ապրիլի 2021թ.