600.0341.04.1023

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2023 թվականի №341-Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաշվի առնելով՝

ա) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2023 թվականի սեպտեմբերի 28-ի №1457/23-11 գրությունը, ըստ որի՝ Արցախում տնտեսական գործունեության ու ենթակառուցվածքների (ներառյալ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի) շահագործման փաստացի անհնարինության հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Ղարաբաղ Տելեկոմ») դիմել է Ընկերությանը՝ խնդրելով կազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շարժական կապի բոլոր բաժանորդներին Ընկերության շարժական կապի ցանցում սպասարկումն՝ իրենց առկա հեռախոսահամարներով, առանց բաժանորդների կողմից հավելյալ գործողություններ կատարելու անհրաժեշտության, այն է՝ առանց SIM քարտերի փոխարինման։ Ընկերությունը նշել է, որ վերոնշյալ դիմումի հիման վրա «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը Ընկերությանն է փոխանցել՝ առանց SIM քարտերի փոխարինման «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շարժական կապի բոլոր բաժանորդներին շարժական կապի ծառայությունների շարունակական անխափան մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվությունը (ներառյալ SIM քարտերի համապատասխան անվտանգության կոդերը), ուստի ելնելով «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շարժական կապի բաժանորդներին ստեղծված իրավիճակում անխափան կապն ապահովելու անհրաժեշտությունից, որը տեխնիկական առումով կարող է կազմակերպվել միայն Ընկերության կողմից, վերջինս խնդրել է դիտարկել հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 97 կոդով վերոնշյալ հեռախոսահամարները (ընդամենը՝ 234 094 հատ հեռախոսահամար) Ընկերությանը տրամադրելու հնարավորությունը՝ ներկայացնելով նշված համարների զբաղեցման թույլտվություն ստանալու համապատասխան հայտն (այսուհետ՝ Հայտ) ու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից Ընկերությանը չփոխանցված համարների ցանկը,

բ) ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023 թվականի սեպտեմբերի 29-ի №ԳԲ/34.2-Ղ4-2/3750-2023 գրության՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի №01/11.1/9495-2023 գրությունը,

գ) որ Հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերության և «Ղարաբաղ Տելեկոմ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից Ընկերությանն է փոխանցվել առանց SIM քարտերի փոխարինման «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շարժական կապի բոլոր բաժանորդներին շարժական կապի ծառայությունների շարունակական անխափան մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվությունը (ներառյալ SIM քարտերի համապատասխան անվտանգության կոդերը), ինչով պայմանավորված՝ առանց SIM քարտերի փոխարինման «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շարժական կապի բոլոր բաժանորդներին Հայաստանի Հանրապետության տարածքում շարժական կապի ծառայությունների շարունակական անխափան մատուցումն՝ ըստ էության տեխնիկական առումով կարող է կազմակերպվել միայն Ընկերության կողմից։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության առկայությունը՝ վերոնշյալ բաժանորդները հնարավորություն կունենան՝ ըստ ցանկության օգտվել իրենց նախընտրած շարժական կապի օպերատորների ծառայություններից։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, ելնելով բաժանորդների շահերի պաշտպանության և հանրությանն անընդհատ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ապահովման նկատառումներից՝ Ընկերության Հայտը ենթակա է բավարարման, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և 2-րդ կետի «ժդ» ենթակետերը, 42‑րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №339-Ն և 2014 թվականի հուլիսի 2-ի №235-Ն որոշումները` Հանձնաժողովը որոշում է.

  1. Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման №1 հավելվածի՝

1) №1 աղյուսակի 2-րդ տողում «96,» թվից հետո լրացնել «97,» թիվը.

2) №7 աղյուսակը լրացնել նոր տողով՝ համաձայն հավելվածի։

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի №340-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                             Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք. Երևան
4 հոկտեմբերի 2023 թ