600.0423.16.1215

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2015 թվականի №423Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N79Ա որոշման 2-րդ կետով հաստատված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N0092 լիցենզիայի պայմանների 4.39, 4.41 և 4.42 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.39 Արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար Լիցենզավորված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում (բանկերում) բացում է հատուկ հաշիվ (հաշիվներ): Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 85 տոկոսը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարներն ամբողջությամբ, յուրաքանչյուր ամսվա հինգից համարվում են գրավադրված՝ 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա (հզորություն) և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին՝ որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց: Գրավադրման ընթացքում հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները ելքագրվում են նաև առաքված էլեկտրաէներգիայի դիմաց մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերություններին վճարումներ կատարելու համար: Գրավադրումը դադարում է Լիցենզավորված անձի կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ գրավառուների նկատմամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 15 տոկոսը Լիցենզավորված անձը տնօրինում է իր հայեցողությամբ և կարող է փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին:».

«4.41 Էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու նպատակով Լիցենզավորված անձը ներկայացնում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք՝ անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ՝ երաշխիք)՝ որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումը կատարելու ապահովման լրացուցիչ միջոց: Երաշխիքի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգով սահմանված ժամկետում Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել նոր երաշխիք: Երաշխիքը   կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրաէներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10 տոկոսը:

4.42  Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը սահմանում է Հանձնաժողովը՝ խորհրդակցելով շուկայի մասնակիցների հետ: Նշված կարգի հաստատումից հետո Լիցենզավորված անձը պարտավոր է այդ կարգի կիրարկման հանձնարարականներ ներկայացնել Լիցենզիայի 4.39 կետում նշված՝ հատուկ հաշիվը (հաշիվները) սպասարկող բանկին (բանկերին) և 4.41 կետում նշված՝ երաշխիք տրամադրած բանկին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

        ք. Երևան
16 դեկտեմբերի 2015թ.
         ժամը 1600